Հակուրակուտեն-յամա․ Ուսումնական առաջադիմության և քննության հաջողության սայլը

Հակուրակուտեն-յաման ներկայացնում է մի տեսարան, որտեղ Տան դինաստիայի Հակուրակուտեն բանաստեղծը հարց է ուղղում հնամենի սոճենու գագաթին ապրող Զենի վարպետ Դորինին։

Հակուրակուտենը՝ ճերմակ հագուստով, գլխին դրած Տանի ավանդական գլխարկ և ձեռքերի մեջ բռնած շյակու*, կանգնած լսում է Դորինի պատասխանին։ Վերջինս կրում է բարձրադաս հոգևորականի մանուշակագույն հագուստ, ինդիգո երանգի գլխարկ, ձեռքերի մեջ՝ համրիչ (ուլունքների շարան) և հասսու**, և նստած է սոճենու գագաթին։

Երբ Հակուրակուտենը հարցնում է բուդդիզմի էության մասին, Դորինը պատասխանում է․ «Խուսափել չար արարքներից և գործել բարին», ինչին Հակուրակուտենը ասում է․ «Նման բանը նույնիսկ երեխան գիտի»։ Նրան Դորինը պատասխանում է․ «Հենց այդպես է։ Բայց արդյո՞ք ութսուն տարեկան ծերունու համար դա հեշտ բան է», և Հակուրակուտենը հիանում է նրա խոսքերով։

           Ասում են, որ ծիսական սայլի ուսումնական առաջադիմություն շնորհելու կարողությունը առնչվում է Հակուրակուտենի դեպի ճշմարտություն ձգտելու և լուսավորության հասնելու հետ։

 

* շյակու — տափակ ծիսական գավազան

**հասսու — բուդդիստական արարողություններին կրոնավորի արժանապատվության խորհրդանշող իր

«Գիոն մացուրի». Աշխարհում առաջին փառատոնը

«Գիոն մացուրի»-ն ամենամյա փառատոն է՝ նվիրված Յասակա տաճարի Սուսանո Նո Միկոտո աստվածությանը և նրա ընտանիքին, որի ժամանակ տաճարի հետևորդները քաղաքում ցուցադրում են երեք շարժական սայլ-տաճարները:

1100 տարի անընդմեջ շարունակվելով՝ Գիոն մացուրին համարվում է աշխարհի ամենահին փառատոնը: Այն բաղկացած է երկու մասից. առաջին հատվածում տեղի է ունենում «Միկոշի տոգյո» կոչվող ծիսակարգը, որի ժամանակ Յասակա տաճարի հետևորդները ցուցադրում են շարժական տաճարները: Երկրորդ հատվածում, որը կոչվում է «Յամաբոկո ջունկո», Շիմոգյո թաղամասի ներկայացուցիչները ցուցադրության են հանում զարդարված սայլերը:

          Գիոն փառատոնը սկսվում է հուլիսի 1-ին, Կիոտո քաղաքի բոլոր շրջաններում տեղի ունեցող «Կիպպու իրի» արարողությամբ: Հուլիսի 17-ին քաղաքը դիմավորում է աստվածությանը «Սակիմացուրի» ծիսակատարությամբ, ապա հուլիսի 24-ին ճանապարհում են աստվածությանը վերջնական «Ատոմացուրի» ծիսակատարությամբ:

Սակիմացուրիին և Ատոմացուրիին նախորդող երեք օրերի ընթացքում տեղի է ունենում «Յոիյամա» կոչվող ծիսակարգը, որի ընթացքում սայլերի վրա վառվում են լապտերներ և հնչում է Գիոն փառատոնի ավանդական երաժշտությունը: Փառատոնը ավարտվում է հուլիսի 31-ին, Յասակա տաճարի համալիրում գտնվող Էկի տաճարի «Նագոշի» ծիսակարգով՝ օրհնելով ամառը:

Բարձր խավի հույսերը՝ համաճարակը հաղթահարելու

869թ․ մայրաքաղաք Կիոտոյում լայն տարածվել էին հիվանդություններ։ Կայսերական արքունիքը, վախենալով, որ համաճարակը «չար ոգիների արարքն է», նրանց խաղաղեցնելու համար կազմակերպում է Գորյո ծես*։ Այն տեղի է ունենում Դաիդաիրիից** հարավ գտնվող Շինսենեն լճակի ափին։ Այդ ժամանակ, համաճարակը հաղթահարելու աղոթքին մասնակցելու համար մայրաքաղաքի տղամարդիկ Գիոն (Յասակա) տաճարից դեպի Շինսենեն ուղարկում են 3 շարժական սայլ-տաճար և 66 հոկո սայլ՝ համապատասխան այդ ժամանակ գոյություն ունեցող պետականությունների քանակին։ Ասում են՝ հենց այստեղից էլ ծագում է Գիոն փառատոնը։ Չնայած նրան, որ հետագայում Կիոտոն ենթարկվել է մի շարք աղետների, ինչպիսիք են Օնին պատերազմը, Էդո ժամանակաշրջանի երեք լայնածավալ հրդեհները, այն վերակառուցվել է կրկին և կրկին։

           Գիոն փառատոնը կասեցվել է Խաղաղօվկիանոսյան պատերազմի ընթացքում, հապա անկանոնաբար անցկացվել Շյովա 22-23թթ․ (1947-1948թթ․), իսկ Շյովա 27թ․ (1952թ․) շքերթը վերադարձել է իր մինչպատերազմյան տեսքին։ Շյովա 30-ականներից (1955-1965թթ․) ի վեր փառատոնը կրել է որոշ ձևափոխություններ՝ կախված երթևեկության պայմանների և այլ խնդիրների հետ․ փոփոխվել է շքերթի հետագիծը, միաձուլվել են «Սակիմացուրին» և «Ատոմացուրին»։ Սակայն Հեիսեյ 26թ․ (2014թ․), քառասունինը տարվա մեջ առաջին անգամ «Ատոմացուրին» վերահաստատվել է որպես առանձին ծիսակատարություն։

 

 

*Գորյո — չարիքով լցված ոգին խաղաղեցնելուն և անեծքից պաշտպանվելուն նվիրված ծիսակատարություն

**Դաիդաիրի — Հեյան-կիո (նախկին Կիոտո) պալատ

«Շարժական թանգարան» անվանվող ծիսական սայլերը

Ծիսական սայլերը, որոնք առանձնահատուկ շքեղություն են պարգևում Գիոն փառատոնին, բաժանվում են երեք տեսակի՝ Հոկո, Յամա և Կասաբոկո: Հոկո՝ չափսերով բավականին մեծ, տանիքով սայլ, որի կենտրոնում տեղադրված է «մակի» կոչվող երկար սոճու ճյուղ: Համարվում է, որ մակին ունի հիվանդություններից և պատուհասներից զերծ պահելու, իր մեջ կլանելու հատկություն: Կասաբոկո՝ երկհարկանի, անձրևանոցի նման կառուցվածք, որի տեսքը ճոխացնում են զարդարանքներն ու սոճու ճյուղերը:

Իր հերթին, Յամա կոչվող սայլը բաժանվում է երկու տեսակի՝ «Հիկիյամա» և «Կակիյամա»: Հիկիյաման նման է հոկո տեսակի սայլին, սակայն, ի տարբերություն հոկոյի, հիկիյամա սայլի կենտրոնում տեղադրված է ամբողջական սոճի՝ ճյուղի փոխարեն: Կակիյաման կարելի է անվանել շարժական թատրոնի բեմ, որի վրա ներկայացվում են դրվագներ դիցաբանությունից, պատմվածքներից և լեգենդներից:

Հակուրակուտեն կոչվող սայլը պատկանում է կակիյամա տեսակին, որի կենտրոնում գտնվող սոճին, ամբողջ Գիոն փառատոնի սայլերի հետ համեմատած, ամենաբարձրն է՝ հասնելով մինչև 7 մետր:

Հատկանշական են նաև բազմազան երկրներից բերված «Կեսոհին» կոչվող հյուսված գունագեղ կտորե պատկերները, որոնք շքեղ տեսք են հաղորդում սայլերին: Այս տեսակի զարդարանքը սկիզբ է առել Էդո ժամանակաշրջանից (1603-1868թթ.), երբ արտասահմանյան արվեստի գործերը սկսեցին ներմուծվել Ճապոնիա: Հենց այս պատճառով Գիոն փառատոնը անվանում են նաև «շարժական թանգարան»:

Հակուրակուտեն սայլը զարդարող պաստառը ստեղծվել է Բելգիայում դեռևս 16-րդ դարում: Պաստառի վրա պատկերված է դրվագ Իլիականից՝ «Տրոյայի անկումը»:

          Կան նաև Ֆրանսիայից բերված պաստառներ և զարդարանքներ:

Չիմակիի մասին

Չիմակին բամբուկի տերևից պատրաստված թալիսման է, որը զերծ է պահում  չարիքից, հիվանդություններից և դժբախտություններից: Այն ասոցացվում է բանաստեղծ Հակուրակուտենի և Զենի վարպետ  Դորինի երկխոսության հետ: Ճապոնիայում նաև հավատում են, որ չիմակի թալիսմանը նպաստում է ուսումնական առաջադիմությանն ու հաջողությանը:

About Our Organization

Hakurakuten Yama Hozonkai

528 Hakurakuten-cho, Bukkoji Agaru, Muromachi-dori, Shimogyo-ku, Kyoto, 600-8422, JAPAN

Phone: +81-75-341-3111

Facsimile: +81-75-341-3112

https://hakurakutenyama.jp/